Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները հեռախոսել են, քննարկվել է նաև ղարաբաղյան խնդիրը: Ըստ Կրեմլի, զրույցը կայացել է թուրքական կողմի նախաձեռնությամբ։ «Քննարկվել է իրադարձությունների զարգացումը ղարաբաղյան հակամարտության գոտում։ Ռուսական կողմը խոր մտահոգություն է հայտնել չդադարող ռազմական գործողությունների, Մերձավոր Արևելքից ահաբեկիչների առավել ընդգրկուն ներգրավվածության առնչությամբ»,- հաղորդում է Կրեմլը։
Պաշտոնական հաղորդագրությունը, սակայն, չի մանրամասնում՝ ինչպես է Էրդողանն արձագանքել այդ մտահոգություններին։ «Վլադիմիր Պուտինը տեղեկացրել է Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հետ իր շփումների, հնարավորինս արագ հրադադարի հասնելու և ճգնաժամը թուլացնելու ուղղությամբ ձեռնարկվող քայլերի մասին»,- ասված է ռուսական կողմի պաշտոնական հաղորդագրության մեջ։
Սա ղարաբաղյան խնդրի շուրջ երկու երկրների նախագահների երկրորդ հեռախոսազրույցն էր՝ Ղարաբաղում մեկ ամիս շարունակվող պատերազմի ընթացքում: Խնդիրը քննարկել էին նաև Ռուսաստանի ու Թուրքիայի ԱԳնախարարները։ Մոսկվան հաղորդել էր, որ Սերգեյ Լավրովը և Մևլութ Չավուշօղլուն կարևորել են կայուն հրադադար ապահովելու անհրաժեշտությունը և ընդգծել, որ հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի։ Ըստ պաշտոնական հաղորդագրության, ՌԴ ԱԳ նախարարը խոսել է հակամարտության գոտի տեղափոխված վարձկանների մասին․ «Հատուկ շեշտվել է ճգնաժամը միջազգայնացնելու անթույլատրելիությունը՝ օտարերկրյա գրոհայինների չներգրավելու հաշվին»,- հայտարարել էր ՌԴ ԱԳՆ-ն: